ԹԵԺ ԳԻԾ 0 8000 9000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ականազերծման գործողությունների ազգային մարմինը՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ն ամփոփում է 2023 թվականին կատարված աշխատանքները

29.12.2023

Ականազերծման գործողությունների ազգային մարմինը՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ն ամփոփում է 2023 թվականին կատարված աշխատանքները։

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ կողմից 2023 թվականին իրականացված ոչ տեխնիկական հետազոտական աշխատանքների արդյունքում ավելացել է պայթյունավտանգ զինամթերքներով աղտոտված ևս 2 նոր հաստատված վտանգավոր տարածք՝ 3 190 188 մ² մակերեսով։

«ՀԱՓԿ» ականազերծողները 2023 թվականի տարեկան պլանով նախատեսված 50 000 մ2 տարածքի փոխարեն Վայոց ձորի Ջերմուկ համայնքի Ջերմուկ, Կեչուտ և Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք, Գեղամասար բնակավայրերում պայթյունավտանգ զինամթերքներից մաքրել են ընդհանուր 234 192 մ² աղտոտված տարածք։ Մաքրված տարածքներում տեղադրվել են «Կանաչ պիտակ» ցուցանակներ՝ փաստելով, որ դրանք անվտանգ են, և հանձնվել տեղական ինքնակառավարման մարմիններին՝ հետագա նպատակային օգտագործման համար։   

2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում դեռևս առկա է 42 165 966 մ² մակերեսով ականներով և չպայթած զինամթերքներով աղտոտված 111 հաստատված և 25 կասկածելի վտանգավոր տարածքներ։ Պայթուցիկ զինամթերքով առավել բարձր աղտոտվածության մակարդակ ունեցող մարզերն են Գեղարքունիքը և Սյունիքը։

Ականազերծման գործողությունների ազգային մարմինը մշտապես կարևորում է մարդկանց իրազեկվածության մակարդակի բարձրացումը։ Մեր մասնագետները 2023-ին պայթուցիկ զինամթերքի վտանգի մասին իրազեկման աշխատանքներ են իրականացրել ՀՀ Տավուշի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արմավիրի, Սյունիքի մարզերում և Երևան քաղաքում՝ ընդհանուր իրազեկվել է 5086 քաղաքացի։ ՀՀ բնակիչների անվտանգ վարքագծի պահպանման  մակարդակն առավել բարձրացնելու նպատակով այս տարի իրազեկման գործընթացում ներգրավվել են նաև հասարակական  կազմակերպություններ, որոնց կողմից իրազեկվել է 8570 քաղաքացի։ Ընթացիկ տարում, ՄԱԶԾ-ի հետ համագործակցության շրջանակներում, «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը Տավուշի մարզի Դիլիջան համայնքի «Արի՛ Ճամբար» հանգստյան գոտում ականային և պայթուցիկ զինամթերքի ազդեցություն կրող ՀՀ բնակավայրերի 60 երեխաների համար կազմակերպել է ամառային ճամբար, որտեղ՝ հանգստին զուգահեռ, երեխաներն ուսանել են անվտանգ վարքագծի պահպանման կանոնները։ Ընդհանուր առմամբ, 2023 թ.-ի ընթացքում իրազեկվել  է 13 656 բնակիչ։

Ոչ տեխնիկական հետազոտության, մաքրման աշխատանքների, պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման աշխատանքներին զուգահեռ նաև իրականացվել է ականներից և պայթուցիկ զինամթերքից տուժածների տվյալների հավաքագրում։ 2023 թվականին ականից/չպայթած զինամթերքից տուժելու դեպք չի արձանագրվել։ Այսօր Հայաստանում ունենք ականների պայթյունից 805 տուժած:

Ընթացիկ տարում «ՀԱՓԿ» ՊՈԱԿ ուսումնական կենտրոնում մասնագիտական կրթություն են ստացել ինչպես «ՀԱՓԿ», այնպես էլ հակաականային ոլորտում ներգրավված  տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ուսումնական կենտրոնում կազմակերպվել են «Ձեռքով ականազերծում», «Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացավար», «Մարտական գործողությունների տարածքի մաքրում» և այլ թեմաներով 105 մասնագետի վերապատրաստման դասընթացներ, որոնք մեկ տարի ժամկետով հավաստագրվել են։ 

2023 թվականին «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը շարունակել է իր համագործակցությունը միջազգային կառույցների հետ՝ ՀՀ-ում և ՀՀ սահմաններից դուրս։ Տեղի են ունեցել հանդիպումներ, քննարկումներ, փորձի փոխանակում Իրանի Իսլամական Հանրապետության, Լիբանանի Հանրապետության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Կամբոջայի հակաականային գործունեության կենտրոնների և Ժնևի հումանիտար ականազերծման միջազգային կենտրոնի հետ։

2023 թվականին գործի է դրվել «Հակաականային գործունեության համակարգման ազգային հարթակը», որը միջազգային և տեղի շահագրգիռ կազմակերպություններին հնարավորություն է ընձեռնում միավորել ջանքերը և առավել համակարգված իրականցնել ծրագրված սոցիալ-տնտեսական աշխատանքները։ Հարթակը հակաականային ոլորտը համակարգելու, մարտահրավերներն ու առաջնությունները քննարկելու և գործողությունները պլանավորելու մի վայր է, որը համակարգում է միջազգային և ՀՀ կազմակերպությունների, մարզերի, շահագրգիռ գերատեսչությունների միջև համագործակցությունը։

Ընթացիկ տարում գործածության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության ականազերծման գործողությունների ազգային մարմնի հումանիտար հակաականային գործունեության 2023-2027 թթռազմավարությունը», մեկնարկել է ՀՀ-ում հակաականային գործունեության ազգային չափորոշիչների վերամշակման աշխատանքները։

«ՀԱՓԿ» ՊՈԱԿ կողմից Հայաստանի տարածքում մշտապես իրականացվել և 2024-ին էլ շարունակվելու են չպայթած զինամթերքի հայտնաբերման, վտանգավոր տարածքների նշագրման, մաքրման, անվտանգ վարքագծի իրազեկման աշխատանքները, ինչպես նաև համակարգվելու և վերահսկվելու է ՀՀ-ում իրականացվող հումանիտար հակաականային գործունեությունը։