Սույն թվականի ապրիլի 22–24-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» պատվիրակությունը մասնակցել է Ժնևում կայացած «Ժնևի հումանիտար ականազերծման միջազգային կենտրոն» – ի (GICHD) կողմից կազմակերպված հակաականային գործունեության ազգային տնօրենների և ՄԱԿ-ի խորհրդատուների 29-րդ միջազգային հանդիպմանը (NDMUN29) «Մեկ մարդկություն» խորագրի ներքո։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հակաականային գործունեության ոլորտի արդի խնդիրները, առկա մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հողերի ազատման նոր շրջանակներին, միջազգային ստանդարտների կիրառմանը, տեխնոլոգիաների և ֆինանսավորման դերի բարձրացմանը, ինչպես նաև ազգային կարողությունների ամրապնդմանը:
Միջոցառման շրջանակում պատվիրակությունը ունեցել է աշխատանքային հանդիպումներ «Ժնևի Հումանիտար ականազերծման միջազգային կենտրոն»-ի տնօրեն Տոբիաս Պրիվիտելլիի, «Եվրոպայի զենքերի հեռացման և ոչնչացման գրասենյակի» ծրագրերի ղեկավար Մայքլ Թիռեի, «Ականազերծման գործողությունների վերանայման ծրագրի» հետազոտող Ֆրանս Սմիթի, ինչպես նաև միջազգային այլ գործընկերների հետ։ Քննարկվել են առաջիկա ծրագրերը, տեխնիկական աջակցության ուղղությունները և մասնագիտական դասընթացների կազմակերպման հարցերը։
Մասնակցությունը կարևոր հնարավորություն է ընձեռել ընդլայնելու միջազգային համագործակցությունը, ամրապնդելու մասնագիտական կապերը և ներդնելու միջազգային լավագույն փորձը հակաականային գործունեության ոլորտում։
